Արարատի մարզի Դարակերտ գյուղի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Սուսաննա Գալոյանի՝ 6-րդ դասարանի աշակերտ Գեւորգ Սարուխանյանին հարվածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանությունից:
Գործը կարճվել է Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ հանցակազմի բացակայություն: Փորձաքննությունը հաստատել է, որ ուսուցիչը ծեծել է աշակերտին, բայց այնքան չի ծեծել, որ պատասխանատվության ենթարկվի:
Ավելի վաղ Գեւորգ Սարուխանյանի մայրը` Գայանեն մեզ հետ զրույցում պատմել էր, որ Արարատի մարզի Դարակերտ գյուղի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհու հարվածի հետեւանքով 6-րդ դասարանի աշակերտը կորցրել է տեսողությունը 90 տոկոսով, եւ այն այլեւս ենթակա չէ բուժման: Այս ամենը հերքել էին ուսուցչուհու ամուսինը եւ փաստաբանը: Հաղորդումը ոստիկանությունը ստացել էր հուլիսի 17-ին, այն իրենց մոտ ուղարկվել է օգոստոսի 2-ին: Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը, սակայն, չի բավարարել քննիչին, եւ նա նշանակել է հանձնաժողովային փորձաքննություն: Դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ՔՕ-ի 118-րդ հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետեւանքներ, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով:





























