Փփոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանությունը եթե առաջիկայում չբացահայտվի, նրա հայրը գործը այլ դաշտ է տեղափոխելու:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գեւորգ Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը: 

Նա նաեւ ավելացրեց, որ առաջիկա օրերին  պատրաստվում է հանդիպել բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ նրանցից  գործի բացահայտման վերաբերյալ վերջնական պատասխան ստանալ: «Եթե հա է՝ հա, եթե չէ՝ չէ: Իրականությունը այն է, որ փաստեր կան, բայց ոչինչ չի արվում: Հիմա ուզում եմ վերսկսեմ իմ հանդիպումները, տեսնեմ մի բան անելո՞ւ են, թե՞ ոչ: Ցանկանում եմ դատախազի`  Գեւորգ Կոստանյանի եւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ հանդիպեմ, տեսնեմ այդ փաստերով առաջ գնալո՞ւ են, թե՞ էլի կանգնելու են: Արդեն 5 տարի է՝ սպասում եմ: Փաստեր շատ ունեմ, հիմա հարց է, որ դա հրապարակեցի, ինչ-որ բանի օգուտ կտա, թե ոչ: Իրենք տեղյակ են այդ փաստերի մասին, հրապարակեմ-չհրապարակեմ: Իսկ, եթե չբացահայտեն այս ամենը, այլ դաշտ եմ տեղափոխելու, որը թող մնա իմ մեջ»,- ասաց Պետրոս Մհերյանը: 

Ավելի վաղ Պետրոս Մհերյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ իր համար պարզել է արդեն թե որդու սպանությունը կատարողին, թե պատվիրատուին եւ ավելացրել, որ դրանք խոսուն փաստեր են եւ ոչ-ոք հակառակը չի կարող ապացուցել:

Հիշեցնենք, որ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանն սպանվել է 2009թ-ի  փետրվարի 3-ին ժամը 20.15-ին, Երեւանի Բարբյուս փողոցի 65 շենքի (Կիեւյան կամրջի հարեւանությամբ գտնվող «Օլիմպիա» մոթելի դիմաց) 7-րդ հարկի միջանցքում` վերելակից դուրս գալուց հետո։ Մհերյանի վրա արձակվել էր ութ կրակոց, որոնցից հինգն էին նրան դիպել։ Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել էին 9 մմ տրամաչափի 8 պարկուճ եւ չորս գնդակ։ Ավելի ուշ պարզվել էր, որ Գեւորգ Մհերյանին մարդասպանը դարանակալել էր զոհի բնակարանի հարկաբաժնի վերելակի մոտ։ Երբ Մհերյանը վերելակից դուրս է եկել, մարդասպանն անմիջապես դիմահար կրակել էր նրա կրծքին եւ գլխին։ Մարդասպանի արձակած ութ կրակոցների ձայնը լսելի է եղել Մհերյանի հարկաբաժնում ապրող բնակիչներին։ Սակայն նրա հարեւանները մի քանի րոպե վախեցել էին տանից դուրս գալ, ինչի արդյունքում մարդասպանին հաջողվել էր հանցագործության վայրից աննկատ հեռանալ: