Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ գործարար Մհեր Գրիգորյանի սպանության գործով նրա ընկերոջը կալանավորելու վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանությունից:

Նրանց փոխանցմամբ՝ Արամ Ս.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 8-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչությունից Գուգարքի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին, մատուռի մոտ, ավտովթար է տեղի ունեցել:

Մեկնած օպերատիվ խումբը Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կլիոմետրին, ճամփեզրից դուրս, հայտնաբերել է «Պեժո» մակնիշի ավտոմեքենա, վարորդի նստելատեղին` 1977 թ. ծնված Մհեր Գրիգորյանի դիակը` կրծքավանդակի աջ մասի առաջնային մակերեսի և ձախ ազդրի շրջանի կտրած-ծակած վնասվածքներով: Նա նախկինում զինվորական է եղել, այժմ զբաղվում է բիզնեսով, Վանաձորում հացի փուռ, դեղատուն եւ խորտկարան ուներ: Մհեր Գրիգորյանը  ամուսնացած էր եւ ուներ երեք երեխա:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն) հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Գործի շրջանակներում բերման է ենթարկվել եւ ձերբակալվել սպանվածի մանկության ընկերը՝ 36-ամյա Արամ Ս.-ն:  Տղամարդը իրավապահներին ասել էր, թե սպանությունը կատարել է խանդի հողի վրա: