«Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար, 17 օր հացադուլի մեջ անցկացրած Շանթ Հարությունյանի առողջական վիճակը նորմալ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Ինեսա Պետրոսյանը:

Փաստաբանը ուրբաթ օրն է այցելել իր պաշտպանյալին, նա շարունակում է գտնվել «Դատապարտյալների հիվանդանոցում»: Հայտնի չէ, թե այնտեղից երբ կտեղափոխվի կալանավայր:

Ինեսա Պետրոսյանը նշեց նաեւ, որ դեռ հայտնի չէ Շանթ Հարությունյանի խափանման միջոցը կալանքը երկարացնելու հարցով  բողոքը Վերաքննիչ դատարանում քննելու օրը:

Փաստաբանը տեղեկացրեց նաեւ, որ Շանթ Հարությունյանի հացադուլին միացած ընկերները եւս դադարեցրել են հացադուլը:

Հիշեցնենք,  որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Մարմնական վնասվածքներ էր ստացել NEWS.am-ի թղթակիցը:

Ոստիկանությունը ձերբակալել էր  20 հոգու, որոնցից 6-ին կալանավորել էին եւ առաջադրել մեղադրանք:

Շանթ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը»): Նրա փաստաբանը նշել է, որ ըստ Շանթ Հարությունյանի, իրեն մեղադրում են քաղաքացիական հագուստով ոստիկանի հարվածելու համար:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am