Հայերը ավանդաբար սոցիալական խնդիրների շուրջ ապստամբություն չեն բարձրացնում: Բացի այդ, էմիգրացիան նույնպես լարվածությունը թուլացնելու դեր է տանում` այն մարդկանց մի մասը, ովքեր կարող էին փողոց դուրս գալ ցույցի, գերադասում են լքել երկիրը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Վաշինգտոնում գործող «Կարնեգի» հիմնադրամի առաջատար վերլուծաբան, կովկասյան հարցերով փորձագետ Թոմաս դը Վաալը՝ պատասխանելով դիտարկմանը, թե շարունակվող արտագաղթը և տնտեսական ճգնաժամը պայթունավտանգ իրավիճակ են ստեղծում և հանգեցնելու են սոցիալական հուզումների:
«Կարծում եմ, որ մենք կշարունակենք բողոքի ցույցեր տեսնել Հայաստանում, և ինչպես ցանկացած հասարակության մեջ, դժվար է կանխատեսել, թե դրանք կոնկրետ ինչից կծագեն: Սակայն չեմ կարծում, որ դա կլինի սոցիալական խնդիրների շուրջ: Քաղաքական խնդիրն է, որ մարդկանց դուրս կբերի փողոց: Մենք կարող ենք կանխագուշակել անկանխատեսելին, որովհետև բնակչության մեծամասնությունը դժգոհ է երկրում տիրող իրավիճակից, մինչդեռ հիմնական ընդդիմադիր ուժերը ի զորու չեն եղել մոբիլիզացնել հասարակական դժգոհությունը»,- նշել է փորձագետը եւ հավելել. «Բայց մենք կարող ենք ականատեսը դառնալ ինքնաբերաբար տեղի ունեցող մի իրավիճակի, երբ ինչ-որ մի կոնկրետ խնդիր մարդկանց դուրս կբերի փողոց և կգա մի պահ, երբ այդ բողոքի ակցիաները լուրջ բնույթ կստանան: Արդյոք դա տեղի կունենա 2014-ին` միգուցե ոչ, բայց մի օր դա կարող է Հայաստանում տեղի ունենալ»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























