«Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանի ընկերները՝ Լիպարիտ Պետրոսյանը եւ Վահե Մկրտչյանը, ովքեր միացել էին նրա հացադուլին, հունվարի 11-ին դադարեցրել են հացադուլը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ՔԿՀ լրատվական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ երկու կալանավորներն էլ գտնվում են ՔԿՀ-ներում, նրանց վիճակը լավ է:

Հացադուլը դեռ շարունակում են Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ի դեպքերի ժամանակ կալանավորված Ավետիս Ավետիսյանը, Ալեք Պողոսյանը, Միսակ Առաքելյանը: ՔԿՀ լրատվական ծառայությունից հերքեցին Ավետիս Ավետիսյանի կնոջ հայտնած տեղեկությունը, թե այդ անձանց առանձին խուց չեն տեղափոխվել: «Նրանք գտնվում են առանձին խցերում, սոցիալ-հոգեբանների կողմից աշխատանքներ է տարվում, որպեսզի դադարեցնեն հացադուլը: Շատ հնարավոր է, որ նրանք եւս դադարեցնեն հացադուլը»,- հայտնեցին ՔԿՀ լրատվական ծառայությունից:

Հիշեցնենք,  որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան:  Ոստիկանությունը ձերբակալել էր  20 հոգու, որոնցից 6-ին կալանավորել էին եւ առաջադրել մեղադրանք:

Շանթ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը»): Նրա փաստաբանը նշել է, որ ըստ Շանթ Հարությունյանի, իրեն մեղադրում են քաղաքացիական հագուստով ոստիկանի հարվածելու համար: Շանթ Հարությունյանը հացադուլ էր հայտարարել, այնուհետեւ այն դադարեցրել «Դատապարտյալների հիվանդանոցում»՝  հացադուլի 17-րդ օրը: