Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դերասան Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշումը բողոքարկելու հարցով այսօր կայացած նիստին դատավորը մերժել է իրեն բացարկ հայտնելու միջնորդությունը առանց որեւէ պատճառաբանության: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Նա շեշտեց, որ դատավորը հրապարակեց իր կողմից ընդունված դատական ակտի եզրափակիչ մասը, սակայն այդպես էլ չասաց միջնորդությունը մերժելու պատճառաբանությունները:
Այնուհետեւ դատախազը միջնորդություն է ներկայացրել դռնփակ դատական նիստ անցկացնելու մասին, Նիկոլայ Բաղդասարյանը նրան խնդրել է ներկայացնել «Քրեական դատավարության» օրենսգրքի այն հոդվածը, որը նման իրավասություն է տալիս, իսկ դատախազը ընդամենը նշել է, որ կա, սակայն այդպես էլ չի ներկայացրել:
«Դատախազը այդպես էլ ոչ մի հոդված չկարողացավ ներկայացրել: Հրապարակեց «Քրեական դատավարության» օրենսգրքից մի հոդված, որտեղ որեւէ հիմք չկար դատավարությունը դռնփակ անցկացնելու մասին: Առանց որեւէ պատճառաբանության դատավորը բավարարեց դատախազի միջնորդությունը, եւ նիստերն կանցկացվեն դռնփակ»,- փոխանցեց փաստաբանը:
Այնուհետեւ դատավորը հետաձգել է նիստը՝ այլ գործ քննելու պատճառաբանությամբ, սակայն Վարդան Պետրոսյանի փաստաբանը նշեց, որ ինքը սպասել է, որ տեսնի՝ իսկապես կա գործ քննելու, թե ոչ, եւ պարզվել է, որ ոչ մի նիստ էլ տեղի չի ունենում, ոչ մեկ չկար այդ դատավարությունից:
Հաջորդ նիստը նշանակվել է հունվարի 15-ին՝ ժամը 10.00-ին:
Ի դեպ, մինչ նիստը Նիկոլայ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ Բաղդասարյանն ասաց, որ դատարանը փորձելու է դռնփակ դարձնել նիստը, որպեսզի թաքցնեն այն հանգամանքը, որ Վարդան Պետրոսյանի ձերբակալումը եղել է անօրինական:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորված է, Վերաքննիչ դատարանը մերժել էր փոխել նրա խափանման միջոցը: Դրանից հետո նշանակված նոր քննիչը՝ Դավիթ Մարտիրոսյանը, դիմել էր Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ դերասանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը երկու ամսով երկարացնելու համար, ինչը բավարարվել է:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























