ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամի Վոլոդյա Բադալյանը տեղյակ չէ Քոչարյան-վարչապետ հեռակա բանավեճից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ ոչնչից տեղյակ չէ եւ չի ցանկանում մեկնաբանել: «Տեղյակ չեմ, 40 աստիճան ջերմությամբ պառկած եմ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանի խնամին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արձագանքել է վարչապետ Տիգրան Սարգսյանի ասուլիսում հնչած հայտարարությանը, կապված «շինարարության փուչիկի» պայթելու հետ:
Մասնավորապես, Քոչարյանը նշել էր, որ «թերարժեք վարչապետը անթույլատրելի ճոխություն է երկրի համար», որ վարչապետը կամ «բանականության դեգրադացիա» է ապրում, կամ «բարոյականության դեգրադացիա»:
Դրանից հետո Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը արձագանքել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ իր հասցեին արված քննադատությանը: Նա դրան պատասխանել էր «Ֆեյսբուքի» իր էջում, այնուհետեւ ներկայացրել էր իր վերլուծությունը «շինարարության փուչիկի» մասին: Ռոբերտ Քոչարյանը երկրորդ հարցազրույցն էր տվել՝ այս անգամ անդրադառնալով վարչապետին, գազային համաձայնագրերին եւ կուտակային բարեփոխմանը:





























