31-ամյա Սուրեն Գ.-ն մեղադրվում է ծանոթի համար աղջիկ առեւանգելու մեջ: Ապարանի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 31-ամյա Սուրեն Գ.-ն, նախնական համաձայնության գալով Շենավան գյուղի բնակիչներ Ջոնիկ Հ.-ի, Նարեկ Հ.-ի եւ Գեղամ Հ.-ի հետ, տաքսու վարձավճարի դիմաց ամուսնության նպատակով Ջոնիկ Հ.-ի համար աղջիկ առեւանգելու հարցում, իր վարած «Օպել Վեկտրա» մակնիշի 30 ՏՏ 504 համարանիշի տաքսի ավտոմեքենայով գնացել են Շենավան գյուղ եւ Հայկուշ Մ.-ի նկատմամբ բռնություն գործադրելով վերջինիս նստեցրել են ավտոմեքենան, սակայն հանցագործությունը ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներում:
Քրեական գործ է հարուցվել 131 հոդվածի 2 –րդ մասի 1,7-րդ կետերով (մարդ առեւանգելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ 4-8 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Գործը դատարան է ստացվել հունվարի 8-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























