Արեւելյան Եվրոպայից, մասնավորապես, Ռումինիայից եւ Բուլղարիայից եկած աշխատանքային միգրանտները դրականորեն են ազդում Եվրամիության տնտեսության վրա: Այս մասին հայտարարել է ԵՄ աշխատաշուկայի, սոցիալական եւ սոցիալական ինտերգարցիայի քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Լասլո Անդորը:

«Արեւելյան Եվրոպայից եկած միգրանտները լրացնում են տեղի աշխատավորներին եւ չեն խլում ընդունող երկրի քաղաքացիների աշխատանքը: Դա շատ օգտակար է, ուստի դրականորեն է ազդում եվրոպական երկրների տնտեսության վրա»,-պարզաբանել է նա:

Եվրահանձնակատարի խոսքով՝ ԵՄ որոշ երկրների ղեկավարության մտահոգությունները, թե ռումինացիներն ու բուլղարացիները մտադիր են տեղափոխվել ԵՄ այլ երկրներ՝ հանուն բարձր սոցիալական վճարումների, անտեղի են: «Այդ մտահոգություններն անտեղի են: Բացի այդ, ԵՄ օրենսդրությունը որոշակի միջոցներ է նախատեսում, որոնք թույլ չեն տալիս մարդկանց չարաշահել ԵՄ երկրների սոցիալական անվտանգության համակարգը»,-ընդգծել է եվրահանձնակատարը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Նշենք, որ Եվրահանձնաժողովի տվյալներով՝ ԵՄ երկրներում ներկայումս ապրում  եւ աշխատում է ավելի քան 3 մլն ռումին եւ բուլղար: