Տավուշի մարզի Տավուշ գյուղում 28-ամյա պայմանագրային զինծառայող Հովսեփ Իսրաելյանի կողմից կնոջը՝  26-ամյա Հասմիկ Զաքինյանին խեղդամահ անելու դեպքի առթիվ քննությունը իրականացնում է ռազմական ոստիկանությունը։ NEWS.am-ի թղթակցին ոստիկանության Տավուշի մարզային վարչությունից հայտնեցին, որ ընթանում է  նախաքննություն, այն իրականացնում է ռազմական ոստիկանությունը։

Իսկ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ՀՀ Պն քննչական ծառայությունում դեպքի առթիվ արդեն հարուցվել է քրեական փորձ՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն, իսկ պայմանագրային զինծառայողը ձերբակալված է։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տավուշի մարզի Տավուշ գյուղում 28-ամյա պայմանագրային զինծառայող Հովսեփ Իսրաելյանը հունվարի 13-ի առավոտյան, խեղդամահ է արել եւ սպանել իր կնոջը՝ 26-ամյա Հասմիկ Զաքինյանին։ Ընտանիքը ապրում էր մենակ՝առանց ծնողների, ունեին երկու երեխա՝ 4 տարեկան տղա, 6 տարեկան աղջիկ:

Գյուղապետն ասել էր, որ նրանք անախորժ ընտանիք են եղել, դեպքը տեղի է ունեցել խանդի հողի վրա: Ըստ տեղեկությունների՝ զինծառայողը կնոջը բռնացրել է հեռախոսով սիրեկանի հետ խոսելիս: