«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը չի պատրաստվում մեկնել Հայաստանից եւ իր պաշտոնը փոխանցել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը արձագանքելով այն լուրերին, թե Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է բնակություն հաստատել Միացյալ նահանգներում եւ «Ժառանգություն» կուսակցության նախագահի պաշտոնում ցանկանում է տեսնել Արմեն Մարտիրոսյանին:

Նրա խոսքով, Րաֆֆի Հովհաննիսյանն է կուսակցության նախագահն ու առաջնորդը: «Իրականությունը այն է, որ ամենայն հավանականությամբ գարնանը կունենանք համագումար  եւ համագումարն, ըստ էության, պետք է նոր վարչություն ընտրի եւ այդ նոր վարչությունը կորոշի, թե ով է կուսակցության նախագահը: Բայց Րաֆֆի Հովհաննիսյանի փոփոխության հարցը չի քննարկվել եւ նա ոչ մի տեղ էլ չի պատրաստվում մեկնել: Նա ապրելու է Հայաստանում»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը եւ ավելացրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը այս պահին ամբողջովին կատարում է  կուսակցության ղեկավարի պարտականությունները: