«Նախախորհրդարանը» լուծարվելու է եւ նրա փոխարեն ստեղծվելու է «Հիմնադիր խորհրդարանը» ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նախախորհրդարանի» անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը։ Նա նշեց, որ դա գործընթաց է, մի օրվա գործողություն չէ եւ «Հիմնադիր խորհրդարանի» ստեղխումը իրենց նպատակն է։
«Պատրաստվում ենք այդ գործընթացին, «Հիմնադիր խորհրդարանը» ընտրված պետք է լինի, անհրաժեշտ է, որպեսզի գործող ԱԺ-ն լուծարելու պահին ունենանք իրական, ազգային, ֆիդային, քաղաքական մարմին»,- ասաց Տիգրան Խզմալյանը։ «Նախախորհրդարանի» ներկայացուցչի խոսքով՝ խորհրդարանի լուծարումը եւ «Հիմնադիր խորհրդարանի» ստեղծման գործընթացները պետք է ընթանան զուգահեռ։ «Հիմնադիր խորհրդարանը» կստեղծվի մինչեւ տարեվերջ։ «Դա կախված է գործընթացներից, բայց մենք չենք սպասում, մենք նախաձեռնում ենք գործընթացներ։ Ստեղծվելիք ագզային մարմինը պետք է ընտրված լինի, հանրաքվեի միջոցով, մենք սկսելու ենք այդ գործընթացը։ Դա կիրականացվի ողջամիտ ժամկետներում, մենք հասկանում ենք, որ այն մի օրվա ընթացքում հնարավոր չէ իրականացնել, խոչընդոտներ կլինեն պետությունը զավթած անձանց կողմից, բայց երթերի, հանրահավաքների, տուն առ տուն այցելությունների շնորհիվ է դա լինելու,ստորագրահավաքով է լինելու»,- ասաց Տիգրան Խզմալյանը։





























