Ռոբերտ Քոչարյանի եւ Տիգրան Սարգսյանի հեռակա բանավեճը նման է իրար վրա ցուցմունք տալու: Այս մասին այսօր` հունվարի 14-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: Նրա խոսքով, իրականում երկուսն էլ չեն հերքում, որ փուչիկը փչվել է:
«Բայց այս պարագայում մեկը մյուսին մեղադրում է փուչիկը փչելու մեջ, իսկ մյուսը փուչիկը պայթեցնելու մեջ: Սա ճիշտ Վինի Թուխի հեքիաթին է նման, եւ ինձ թվում է ժողովրդին բացարձակապես չի հետաքրքրում, թե ով է ծակել ու փչել փուչիկը, որովհետեւ շատ ավելի կարեւոր է, որ փուչիկը փչվել է եւ ծակվել: Հետեւաբար այս հեռակա բանավեճում կարծես, թե բանավեճի, որեւէ կողմը ժողովրդի շրջանում առանձնապես, որեւէ համակրանք չի վայելում, քանի որ այն թեմայով, որով փորձում են իբր թե դիվիդենտներ ստանալ դատապարտված է ձախողման, որովհետեւ մեղավորը մեկ անձ չէ եւ բոլոր սուբյեկտները անցյալում եղել են մեկ մարմնի մեջ»,- նշեց Ստյոպա Սաֆարյանը եւ ավելացրեց, որ այս բանավեճը ավելի շատ զվարճանքի տեղիք է տալիս այլոց համար, քան աջակցություններ ստանալու հնարավորություն է:
Միաժամանակ նա ավելացրեց, որ 2-րդ եւ 3-րդ նախագահների կոնֆլիկտը բեմականացվել է բազմակի անգամներ եւ դրանք անհետեւանք են անցել բոլոր նախկին ենթաշրջաններում: «Հետեւաբար չեմ կարծում, որ այս անգամ էլ այն որեւէ ավարտ կունենա: Կասկածում եմ, որ Քոչարյանն այդ բանավեճը կտեղափոխի իր եւ Սերժ Սարգսյանի հարթություն: Այսինքն` ես դժվար եմ պատկերացնում, որ քիչ հետո կտեսնենք Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան նամակագրություն: Նման բան չենք տեսնի»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Նա կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է ազատել վարչապետի պաշտոնը: «Հիմա, թե ում համար է ցանկանում ազատել ես չեմ կարող գնահատականներ տալ, բայց նախկինում չի թաքցրել, որ ինքը եւս կարող է դիտարկվել այդ թեկնածությունում»,- ավելացրեց Ստյոպա Սաֆարյանը:





























