Էս երկիրը տեղից լուրջ խնդիրներ ունի, գնացեք էս երկրի խնդիրներով զբաղվեք: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպես արձագանքեց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով իր առանձնատան խուզարկության մասին մամուլի տեղեկություններին:

«Ասենք, եթե  համապատասխանում են իրականությանը, կրկնում եմ, եթե, բայց դրանից ի՞նչ: Դա ի՞նչ լրատվության բան է: Լուրջ բաներով զբաղվեք: Էս երկիրը տեղից լուրջ խնդիրներ ունի: Ինչի հետեւից եք ընկել: Ամոթ է, ամոթ: Նմանատիպ բաներ չկա հաջողություն»,-ասաց Ղուկասյանն ու կախեց լսափողը:

Ավելի վաղ «Առավոտ»  թերթը գրել էր է. «Ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները երեկ  «Առավոտին» փոխանցեցին, որ ոստիկանության հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչության աշխատակիցները մանրակրկիտ  խուզարկել են Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առանձնատունը: Մեծ թվով ոստիկաններ լցվել են Սլաբոդկա թաղամաս, որտեղ ապրում է նախկին քաղաքապետը:

Վերջիններս մոտ կես ժամ այնտեղ մանրակրկիտ խուզարկում են անցկացրել: Իսկ թե Վարդան Ղուկասյանն ինչու է շարժել ոստիկանների հետաքրքությունը,  ոստիկանության հասարակայնության եւ լրատվության վարչության հետ երեկ կապ հաստատել չհաջողվեց»: