Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը շնորհակալական ուղերձ է հղել լրատվամիջոցներին՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը շրջանառությունից դուրս բերելու հարցում նրանց ունեցած դերի համար:
Արա Զոհրաբյանի ուղերձում ասվում է.
«Օրեր առաջ ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառությունից հանել է «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերը, որոնցով փաստաբանների ռեեստր վարելու լիազորությունը վերապահվելու էր ՀՀ արդարադատության նախարարությանը եւ սահմանվելու էր փաստաբանի համար յուրաքանչյուր տարի 60.000 ՀՀ դրամ պետական տուրք վճարելու պարտականություն։
Բոլորս գիտենք, որ փաստաբանի անկախությունը անգնահատելի վավերապայման է մասնագետներիս համար: Այս առումով մեծ է Ձեր կատարած աշխատանքը՝ խնդրի անաչառ լուսաբանումը եւ այն սրտացավությունը, որ ցուցաբերեցիք փաստաբանների պալատին հասնելու ցանկալի արդյունքի:
Մաղթում եմ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչներին սուր գրիչ եւ իրավական ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների համակողմանի լուսաբանում»:





























