Armenia Today լրատվական կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը հերթական անգամ ավարտվել է, Կիվիրյանի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել գործը կարճելու վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ին ասաց Արգիշտի Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:

«Միջնորդել ենք գործը կարճել և հարուցել քրեական գործ՝ Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ: Հասկանալի է, որ միջնորդությունը մերժվելու է: Հիմա տեսնենք՝ գործը կուղարկվի դատարան, թե նորից են վերսկսելու գործի քննությունը»,- ասաց նա։

Արգիշտի Կիվիրյանին արդեն չորրորդ անգամ էին կանչում Հատուկ քննչական ծառայություն: Կիվիրյանին ՀՔԾ-ում արդեն երրորդ անգամ են տեղեկացնում, որ նախաքննությունն ավարտվել է։ 

Հիշեցնենք, որ 2013թ. օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած միջադեպից հետո Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, եւ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ սուտ մատնություն հատկանիշներով: Վերջին մեղադրանքը հունվարի 13-ին հանվել է: