Ֆիլմի նկարահանման մեկնելու ժամանակ դերասանների վթարի ենթարկվելու առթիվ հարուցված քրեական գործի քննությունը մոտ ապագայում կավարտվի: NEWS.am-ի ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝  մինչեւ շաբաթվա վերջ պատրաստ կլինի դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունը, ինչն էլ կորոշի գործի ելքը:

Նախնական տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Opel Astra մեքենայի վարորդ, 34-ամյա Տիգրան Ասոյանը: Փորձաքննության եզրակացությունից հետո նրան մեղադրանք կառաջադրվի ՔՕ-ի 242-րդ հոդվածի հատկանիշներով  (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) եւ կորոշվի խափանման միջոցի ընտրության հարցը:

Հիշեցնենք, որ Երեւան-Եղեգնաձոր ավտոճանապարհին՝ Երասխավանի վարչական տարածքում, դեկտեմբերի 6-ին, ժամը 9.00-ի սահմաններում, վթարի էին ենթարկվել ֆիլմի նկարահանման համար մեկնող դերասանները: NEWS.am-ի թղթակցին ոստիկանության Արարատի բաժնից հայտնել էին, որ սահմանային դրվագ նկարահանելու նպատակով դերասանների խմբի՝ տաքսի ծառայության մեքենաներով մեկնած մի մեքենան վթարի է ենթարկվել:

34-ամյա Տիգրան Ասոյանի վարած Opel Astra մեքենան բախվել էր ճանապարհի շրջանաձեւ հատվածի բետոնե քարերին եւ կողաշրջվել: Վթարի հետեւանքով Տ. Ասոյանը, Վարազդատ Խաչատրյանը, Արկադի Կլեկչյանը, Արամ Փիլոսյանը եւ Ջիվան Նիկոլյանը տեղափոխվել էին Արարատի բժշկական կենտրոն:

Հիվանդանոցի ճանապարհին Ջիվան Նիկոլյանը մահացել էր, իսկ Արամ Փիլոսյանը մահացել էր հիվանդանոցում մի քանի օր մնալուց հետո: Անձնակազմը նկարահանվում էր «Դիպուկահար» ֆիլմում:

Քրեական գործը հարուցվել էր ՔՕ-ի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով):