Հայաստանի ԱԻՆ հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայությունը պարզաբանում է տարածել՝ Հայաստանում ցուրտ եղանակի կապակցությամբ:
«2013 թ. դեկտեմբերի 14-ից մինչեւ հունվարի 13-ն Արարատյան դաշտում եւ դրա նախալեռներում, Վայոց ձորի հովիտներում եւ Մեղրու հատվածում դիտվել է մառախուղ, ջինջառ եւ մերկասառույց:
Օդի ջերմաստիճանը, սկսած դեկտեմբերի 14-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը, աստիճանաբար նվազեց եւ ամսվա վերջին հասավ իր նվազագույն արժեքին` Արարատյան դաշտում եւ դրա նախալեռներում գիշերը հասնելով -15…-20 աստիճան, ցերեկը` -14…-16 աստիճան: Օդի առավելագույն ջերմաստիճանը հանրապետության լեռնային առանձին շրջաններում, Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում, հատկապես ցերեկը, 15-20 աստիճան-ով ավելի բարձր էր, քան Արարատյան դաշտում: Վերջապես հունվարի 27-ին Միջերկրական ծովի շրջաններում ձեւավորվեց ցիկլոն, որը հունվարի 1-ի գիշերն Արարատյան դաշտում եւ դրա նախալեռնային գոտիներում պայմանավորեց ջերմաստիճանի կտրուկ բարձրացում 7-9 աստիճանով: Հունվարի 3-ից, երբ ցիկլոնային դաշտն իր տեղը զիջեց անտիցիկլոնին, դիտվեց մառախուղի ուժգնացում եւ ջերմաստիճանի որոշակի նվազում:
Հերթական էական փոփոխությունը դիտվեց հունվարի 14-ի գիշերը, երբ Սեւ ծովի շրջաններից հանրապետության տարածք ներթափանցեց ցիկլոնային դաշտ, դիտվեց ձյուն, քամիների ուժգնացում եւ օդի տուրբուլենտականության զգալի մեծացում` ցրելով մառախուղը:
Օգտվելով առիթից փորձենք ներկայացնել ինչ է եղանակը եւ վերլուծել վերջին մեկ ամսվա ընթացքում Արարատյան դաշտում եւ Երեւան քաղաքում դիտված եղանակային պայմանները:
Եղանակը ձեւավորվում է մթնոլորտի գլոբալ շրջանառության արդյունքում, հորիզոնական ուղղությամբ ընդգրկելով հազարավոր կիլոմետրեր, ուղղահայաց տարածվելով մինչեւ 15-20 կմ բարձրություն: Եղանակի ձեւավորման վրա էական ազդեցություն են ունենում արեգակնային ճառագայթումը, ջրային եւ ցամաքային մակերեւույթների դասավորությունը, օվկիանոսային հոսանքները, տեղանքի ռելիեֆը եւ ծովի մակերեւույթից ունեցած բարձրությունը:
Սովորաբար միջին օրական ջերմաստիճանի անցումը 0 աստիճան-ից ցածր ընդունված է համարել ձմեռվա սկիզբ: Երեւան քաղաքի սահմաններում այն տեղի է ունենում դեկտեմբերի երկրորդ տասնօրյակին: Ձմեռվա տեւողությունը կազմում է 75-85 օր: Ձմեռը Երեւանում չափավոր ցուրտ է: Միջինը 55 օր ցերեկը լինում է դրական ջերմաստիճան, չափավոր ցուրտ եղանակը տեւում է 36 օր, իսկ օրերի 8 տոկոսի ընթացքում դիտվում են զգալի սառնամանիքներ:
Ձմռանը միջին ամսական ջերմաստիճանը հասնում է 2-2.5 աստիճան ցրտի, հունվարը ամենացուրտ ամիսն է, սակայն դիտարկումների ամբողջ ընթացքում դեպքերի 42 տոկոսում ամենից ցուրտ եղել է փետրվարը: Մթնոլորտային շրջանառության առանձնահատկությունների եւ Արարատյան դաշտի ֆիզիկաաշխարհագրական պայմաններից ելնելով միջին ամսական ջերմաստիճանը կարող է զգալիորեն շեղվել բազմամյա միջին մեծությունից: Այն դեպքում, երբ ջերմաստիճանի շեղումները բազմամյա միջինը չեն գերազանցում 1.5 աստիճան-ով, համարվում է միջին ձմեռ: Դրանց քանակը կազմել է ընդհանուրի 32 տոկոսը: Ցուրտ եւ տաք ձմեռները (շեղումը` 1.5 աստիճանից մինչեւ 4.6 աստիճան) կազմել են համապատասխանաբար` 25 եւ 29 տոկոս, շատ ցուրտ եւ շատ տաք ձմեռները (շեղումը` 4.7 աստիճան եւ ավելի)` միջինում 7 տոկոս: Ձմռանը Երեւանում լավ արտահայտված են լինում ջերմաստիճանային ինվերսիաները, այսինքն, երբ ըստ բարձրության ջերմաստիճանները ոչ թե իջնում են, այլ` բարձրանում: Ինվերսիայով պայմանավորված` քաղաքի բարձրադիր մասերում հաճախ ավելի տաք է լինում, քան հարավային ցածրադիր մասերում, եւ այդ տարբերությունը հասնում է 5-7 աստիճան:
Ձյան ծածկը Երեւանում սովորաբար առաջանում է դեկտեմբերի կեսերին եւ վերանում մարտի սկզբներին: Սակայն կայուն ձնածածկ լինում է միայն ձմեռների 50 տոկոսի դեպքում: Դրա առավելագույն տասնօրյակային բարձրությունը կազմել է 58 սմ:
Ձմեռների ցուրտ լինելու աստիճանը զգալիորեն պայմանավորված է ձնածածկույթի առկայությամբ: Բոլոր այն դեպքերում, երբ ձմռան սկզբին կամ դրա առաջին կեսում դիտվում է զգալի ձնածածկ, այն բավական հաճախ բերում է մնացած ամբողջ ժամանակահատվածում ցուրտ եղանակի: Ձնածածկույթը նաեւ պայմաններ է ստեղծում Հայկական լեռնաշխարհի տարածքում լոկալ անտիցիկլոնի առաջացման համար, որը միջլեռնային գոտիներում առաջացնում է ցուրտ օդի լճացում եւ մառախուղ:
Ձմեռային մառախուղները պայմանավորված են Հայկական լեռնաշխարհի տարածքում ձեւավորված լոկալ անտիցիկլոնի կենտրոնական հատվածներում դիտվող բավականին լավ արտահայտված ջերմաստիճանային ինվերսիաներով: Այն է` գետնամերձ շերտում առաջանում է ավելի ցածր ջերմային ֆոն, քան մթնոլորտի 1500-3000 մ բարձրություններում: Արդյունքում` առաջանում է ջրային գոլորշու խտացում եւ ցածր ամպամածություն ու մառախուղ: Դրանք սովորաբար պահպանվում են 7-10 օր, առանձին դեպքերում` 15-20 օր, հազվադեպ` ավելի երկար:
Ինվերսիայի ձեւավորման առաջին երկու օրերին մառախուղը հիմնականում ընդգրկում է Արարատյան դաշտի ամենացածրադիր` 850-900 մ բարձրությունները: Այնուհետեւ` ջերմային հաշվեկշռի բացասական լինելու պատճառով օր օրի ջերմաստիճանը նվազում է 1-2 աստիճան, եւ ինվերսիայի ստորին սահմանը սկսում է բարձրանալ, որն ուղեկցվում է մառախուղի ստորին սահմանի բարձրացմամբ: Ինվերսիայի ձեւավորման 4-5-րդ օրը մառախուղի ստորին սահմանը տարածվում է մինչեւ 1300-1500 մ բարձրությունները, Արարատյան դաշտի ցածրադիր հատվածների համար դառնալով արդեն բարձրացած մառախուղ: 850-1500 մ բարձրությունների վրա դիտվում է հոմոթերմիա (անփոփոխ ջերմաստիճան), իսկ 1500 մետրից բարձր` ջերմաստիճանի աճ: Նման պայմաններում առաջանում է ջինջառ եւ մերկասառույց, որի տրամագիծը հաճախ հասնում է 3-4 սմ: Ինվերսիան եւ մառախուղը պահպանվում են այնքան ժամանակ, մինչեւ հանրապետության տարածքով անցնում են զարգացած ճակատային կտրվածքներ, որոնք ուղեկցվում են քամիներով եւ տեղումներով:
Այն թյուր կարծիքը, որ կարելի է հրավառության կամ այլ ներգործությունների միջոցով ցրել մառախուղը, առաջացնել եղանակի տաքացում, մեղմ ասած` զառացանք է: Հրավառությունը չի կարող որեւէ դրական ազդեցություն ունենալ 300 կմ հորիզոնական եւ 800 մ ուղղահայաց ձգվածություն ունեցող մառախուղային ամպի վրա: Ավելին` այն միայն բացասական ազդեցություն է ունենում, քանի որ իրենից ներկայացնում է քիմիական նյութերի արտանետում դեպի մթնոլորտ»:





























