«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանաքանիշը Beeline) հայտարարում է Արմավիրի մարզի Երվանդաշատ սահմանամերձ համայնքի երեխաների համար սոցիալական ծրագրի իրականացման մասին։ Սահմանամերձ համայնքների աջակցման ծրագրի շրջանակում

«ԱրմենՏել», Mothercare եւ Promoto ընկերությունների ներկայացուցիչներն այցելեցին Երվանդաշատ եւ համայնքի մինչեւ 10 տարեկան բոլոր երեխաներին նվիրեցին խաղալիքներ եւ հագուստ, իսկ համայնքի գրադարանին` հայկական պատմության եւ արվեստի մասին նոր գրքեր։ 

«Հայաստանում սահմանամերձ գյուղերի աջակցությանն ուղղված ծրագիրն առաջինն էր, որ իրականացվեց իմ ղեկավարության ժամանակ: 2013 թվականի հուլիսին մենք օգնեցինք Չինարի գյուղի երեխաներին, իսկ հիմա մեր ուշադրության կենտրոնում է Երվանդաշատ գյուղը: Մենք հպարտ ենք, որ կարողացանք օգնել այս համայնքում ապրող բոլոր երեխաներին: «ԱրմենՏել» ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնական նպատակն է մարդկանց կյանքը դարձնել ավելի լավ: Ուրախությամբ կարող եմ փաստել, որ մեր ընկերությանը հաջողվում է ներգրավել ավելի ու ավելի շատ մարդկանց եւ կազմակերպություններ սոցիալական ծրագրերի իրականացման ժամանակ»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Կարեւորելով Հայաստանի սահմանամերձ գյուղերի դերն ու նշանակությունը եւ փորձելով գոնի մի փոքր կիսել գյուղում ապրող եւ արարող գյուղացու հոգսը` որոշեցինք մեր կողմից հաճելի անակնկալ մատուցել։ Ընտրվեց Թուրքիայի հետ սահմանամերձ Երեւանդաշատ գյուղը, որն ավելի քան 90 կմ հեռու է մայրաքաղաքից: Վստահ ենք, որ նման նախաձեռնություններն ուժ ու եռանդ են տալիս գյուղում ապրող գյուղացուն, ով չի լքել իր հայրական տունը, ով չնայած առկա բոլոր դժվարություններին` փորձում է շենացնել այն եւ իր օրվա հացն այնտեղ ստեղծել` ակամայից դառնալով մեր երկրի սահմանների անվտանգության երաշխավորը: Եվ մենք ուղղակի պարտավոր ենք օգնել նրանց մեր ուշադությամբ եւ աջակցությամբ»,- նշեց  Mothercare ընկերության տնօրեն Նարեկ Ամիրխանյանը։

Նշենք, որ Promoto ընկերության հետ համագործակցության շրջանակում 2013 թվականի հուլիսին Չինարի գյուղի ավելի քան 50 աշակերտ այցելեցին Երեւան` հյուրընկալվելով մանկական եւ զվարճանքի տարբեր կենտրոններ, եղան «Beeline կապի թանգարանում» ծանոթացան օպերատորների աշխատանքին հաճախորդների սպասարկման կենտրոնում: Ծրագիրն, որը լայն արձագանք գտավ սոցիալական ցանցերում, ԶԼՄ-ների ներկայացուցիչների, պետական պաշտոնյաների եւ բիզնեսի ներկայացուցիչների շրջանում, կոչվում էր «Երկու օր հեքիաթում»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am