20-ամյա Գրիգոր Հայրապետյանը հոգեբուժարանում երիտասարդի է դանակահարել:  Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գրիգոր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 9-ին Երեւան քաղաքի Նուբարաշեն հոգեբուժական կլինիկայի 3-րդ բաժանմունքի նախասրահում վիճաբանել է նույն կլինիկայում բժշկական հետազոտություն անցնող Սարգիս Կարապետյանի հետ, որի ընթացքում իր կրած դանակով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է Ս. Կարապետյանի կրծքավանդակի շրջանին ու վերջինիս առողջությանը պատճառել ծանր մարմնական վնասվածք:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112   հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը դատարան է  ստացվել հունվարի 13-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: