Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր տեղի է ունեցել բուհի կառավարման խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար, ԵՊԲՀ-ի կառավարման խորհրդի նախագահ Արմեն Աշոտյանը։ Ռեկտոր Միքայել Նարիմանյանը կառավարման խորհրդին ներկայացրել է բուհի նախորդ տարվա հաշվետվությունը եւ 2014 թվականի բյուջեի նախահաշիվը։

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթում շեշտել է, որ  թեեւ ԵՊԲՀ-ում բավական արդյունավետ աշխատանք է կատարվել, սակայն  նախարարության ակնկալիքները բուհից  ավելի մեծ են: «Կան որոշակի տեսանելի խնդիրներ, որոնց լուծումը ես համարում եմ առաջնային: Դրանցից կարեւոր եմ համարում արդյունավետ կրթական գործընթացի  կազմակերպումն ամբիոններում: Շատ ամբիոններում գործող կարգերը բավարար արդյունավետ չեն, ինչի անուղղակի արտահայտումը կարելի է համարել նաեւ այն, որ հերթական քննաշրջանի ժամանակ բժշկականի ուսանողները հայտնվում են ամնենաշատ լուծարք ունեցողների շարքում: Սա հարուցում է ուսանողների դժգոհությունը, որը հանրային արձագանք է ստացել նաեւ մամուլում: Իմ պահանջը հետեւյալն է՝ չիջեցնելով կարգապահության նշաձողը՝  ներքին կարգերը դարձնել ավելի ուսանողակենտրոն: Հաջորդ կարեւոր խնդիրը, որն ընդհանուր է բոլոր բուհերի, այդ թվում նաեւ բժշկական համալսարանի համար, դա գիտական բաղադրիչի ծավալային մեծացումն է: Բուհերը չեն ուզում սեփական միջոցները ծախսել գիտության զարգացման վրա՝ դա թողնելով առավելապես պետության վրա: Նախապատրաստվում է օրինագիծ, որով ամրագրվում է, որ բուհական բյուջեների որոշակի տոկոսը պարտադիր պետք է հատկացվի գիտությանը»,- նշել է նախարարը: Ա.Աշոտյանն իր խոսքում շեշտել է նաեւ, որ ԵՊԲՀ-ն գտնվում է  միջազգային հավատարմագրման փուլում եւ միջազգային կազմակերպության կողմից անցկացված դիտարկման արդյունքով 10 չափանիշներից 7-ը դրական է գնահատվել:

2013 թվականին ԵՊԲՀ ֆինանսական մուտքերը կազմել են 1 մլրդ 426 մլն դրամ, որից շուրջ  720 մլն դրամը կազմել է աշխատավարձի ֆոնդը: Համալսարանական կլինիկաների մուտքերը ապահովվել են 97 տոկոսով եւ կազմել  3 մլրդ 311 մլն դրամ՝ նախատեսված 3 մլրդ 400 մլն-ի դիմաց, որի 65 տոկոսը կազմել է բուժհաստատությունների անձնակազմի աշխատավարձը: Կլինիկական հաստատությունների բյուջեները ձեւավորվել է պետական պատվերի եւ վճարովի ծառայությունների մուտքերից:

Նիստի ընթացքում ռեկտորը, ներկայացնելով  2014 թվականի բյուջեի նախահաշիվը, նշել է, որ ֆինանսական հոսքերի կառավարման օպտիմալացում է նախատեսվում եւ  պատասխանել է նաեւ կառավարման խորհրդի անդամների հարցերին: Մասնավորապես ուսանողական խորհրդի ներկայացուցիչները հետաքրքրվել են կլինիկական օրդինատուրայի  ուսումնառությանը վերաբերող  խնդիրներով:

Նիստի ավարտին կառավարման խորհուրդը հավանություն է տվել ԵՊԲՀ 2013 թվականի հաշվետվությանն ու 2014 թվականի բյուջեի նախագծին: