Քալիֆորնիայի Գլենդել քաղաքի հայ բնակիչը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման՝ ամուսնացած կնոջը հետապնդելու համար: Այս մասին գրում է «Glendale News-Press»-ը՝ հավելելով, որ տղամարդն իր մեքենայով բախվել է այդ կնոջ մեքենային, որպեսզի գրավի նրա ուշադրությունը:
48-ամյա Համլետ Սարգսյանը սկզբում հերքել է իր մեղավորությունը, բայց հետո ընդունել է այն: Սարգսյանը կալանավորվել է հոկտեմբերին՝ 38-ամյա կնոջը հետապնդելու, նաեւ«Nordstrom Rack» խանութից գողություն կատարելու գործերով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Համլետ Սարգսյանը հետեւել է կնոջը, սպառնացել է եւ իր մեքենայով բախվել է կնոջ մեքենային, որպեսզի գրավի նրա ուշադրությունը:
Կնոջ կյանքը բացասական առումով փոխվել է այն պահից, երբ նա ապրիլին դասընթացների ժամանակ հանդիպել է Սարգսյանին: Վերջինս անցանկալի նվերներով հեղեղել է կնոջը եւ Գլենդելում հետեւել նրան ու նրա ընտանիքին: Սարգսյանն այցելել է կնոջ աշխատավայր, սկանդալ սարքել վերջինիս աշխատակիցների ներկայությամբ:
Մի անգամ Սարգսյանը բաց պատուհանից մտել է կնոջ տուն, որպեսզի նրան սեր խոստովանի: Այդ արարքից որոշ ժամանակ անց Սարգսյանն սկսել է փոխվել: Նա սեպտեմբերի 14-ին այցելել է կնոջ տուն, հրել դրսի դուռը, մտել ներս ու բռնությամբ բռնել կնոջ ձեռքերը: Հաջորդ օրը նա հետեւել է կնոջը եկեղեցում եւ շիշ նետել նրա ուղղությամբ:





























