Այսօրվա դրությամբ մարդն ամբողջությամբ կորցրել է իր արժեքը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է եպիսկոպոս Բագրատ Գալստյանը դիակիզման հարցը քննարկելիս:

Նա ընդգծել է, որ «պետք է հասկանալ, թե ինչ արժեք է ներկայացնում մարդկային մարմինը մեզ համար»: «Եթե անգամ եկեղեցու տեսանկյունից չնայել այդ հարցին, ապա մարդը հարգանքի է արժանի»,-ընդգծել է հոգեւորականը: Եպիսկոպոսն ընդգծել է, որ ավետարանում մարդկային մարմինը դիտարկվում է որպես աստվածային պատիժ: Երբ ինչ-որ մեկին ցանկանում էին վիրավորել, ապա նրա մարմինն այրում էին, հողին չէին հանձնում:

Հոգեբան ու հոգեթերապեւտ Մարատ Զաքարյանը հավելել է, որ տասնյակ տարիներ առաջ դիակիզումը կիրառում էին, որպեսզի ազատվեին զանազան վարակիչ հիվանդություններից, որոնք կարող էին տարածվել, հատկապես՝ տարբեր կրծողների միջոցով: «Սակայն հիմա նման վտանգ չկա»,-ընդգծել է հոգեբանը, հավելելով, որ դիակիզումը, ամենայն հավանականությամբ, էժան չէ, մինչդեռ շատերին հակառակն է թվում: Նա նշել է, որ Հայաստանում դիակիզումը հազվադեպ երեւույթ է ու այդ թեման քննարկվում է մեկ-երկու անգամ: Ըստ նրա վերջին քսան-երեսուն տարիների ընթացքում Հայաստանում դիակիզում չի իրականացվել: