Սոցիալական ապահովության տարածքային բաժնի անփութության հետեւանքով չէր հաստատվել կնոջ աշխատած երկու տարիների աշխատանքային ստաժը եւ նրան գործազրկության նպաստ չէին նշանակել:

Այս առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Գործազուրկ կինը դիմել էր « Զբաղվածության պետական ծառայություն»: Զբաղվածության տարածքային կենտրոնը նրան տվել էր գործազուրկի կարգավիճակ եւ պետք է նշանակեր նաեւ գործազրկության նպաստ՝ հաշվի առնելով նրա ունեցած աշխատանքային ստաժը: Գործազրկության նպաստը, սակայն, չէր տրամադրվել, քանի որ Սոցիալական ապահովության տարածքային բաժնի անփութության հետեւանքով չէր հաստատվել կնոջ աշխատած երկու տարիների աշխատանքային ստաժը:

Օմբուդսմենի միջնորդությամբ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից Սոցիալական ապահովության համապատասխան տարածքային բաժին կատարվել է կրկնակի հարցում, որի արդյունքում կնոջը, իր աշխատանքային ստաժին համապատասխան, նշանակվել է գործազրկության նպաստ` 7 ամիս տեւողությամբ»: