Սուրբ Ծննդյան եւ Ս. Հարության տոներից հետո հարկ է Տնօրհնեք կատարել:
Qahana.am-ի փոխանցմամբ՝ ըստ Ավետարանի` Սուրբ Զատիկի երեկոյան առաքյալները մտնում էին իրենց ընդունող մարդկանց տները եւ ավետում Աստվածահայտնության եւ Սուրբ Հարության Բարի լուրը:
Հոգեւոր բարեպաշտական աստվածահաստատ այս արարողությունը Առաքելական Ս. Եկեղեցին շարունակական է դարձրել տնօրհնեքի միջոցով:
Ս. Ծննդյան եւ Ս. Հարությանը հաջորդող օրերին եկեղեցու սպասավորները այցելում են մարդկանց տները եւ փոխանցում Հիսուս Քրիստոսի Ծննդյան կամ Հարության Ավետիսը, օրհնում նրանց բնակարանը եւ բնակիչներին, նաեւ տան բարիքները` հացը, աղը եւ ջուրը:
Ապա քահանան օրհնված ջուրը խաչաձեւ ցողում է բնակարանի անկյունները եւ օջախի անդամների համար պահպանություն հայցում Ամենակալ Աստծուց:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հաստատել է տնօրհնեքի երեք արարողություն` Սուրբ Ծննդյան, Սուրբ Հարության եւ նորակառույց բնակարանի օրհնություն:
Տնօրհնեք է կատարվում նաեւ ցանկացած ժամանակ, երբ խախտվում է տան խաղաղությունը եւ ընտանիքը կարիք է զգում այն վերականգնելու եւ Աստծու շնորհի մեջ վերահաստատվելու:





























