Հայաստանում ուսանողների սեփական օրը կունենա: Հունվարի 16-ին կառավարության նիստում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ ուսանողների օր է ընտրվել Երեւանի պետական համալսարանի հիմնադրման ամսաթիվը, որն այս տարի դառնում է 95 տարեկան: Օրն աշխատանքային է լինելու, այդ թվում նաեւ՝ բուհերում: Հայաստանում ուսանողության եւ երիտասարդության սեփական տոնը հաստատելու խնդրանքով ԵՊՀ-ի Ուսանողական խորհուրդը կառավարությանը դիմել էր դեռ 2010թ.:
Ուսանողների միջազգային օրը նշվում է նոյեմբերի 17-ին: «Միջազգային հիշարժան օրերը, այդ թվում նաեւ ՄԱԿ-ի ընդունած, շուրջ 200 են, եւ բոլորը չէ, որ պետք է նշել, սակայն հայ ուսանողությունը, կարծում եմ, պետք է ունենա իր տոնը՝ ի հիշատակ մեր ամենահին համալսարանի», - ասել է նախարարը:
Իր հերթին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ թեպետ եւ օրն աշխատանքային է, սակայն մայիս ամսին, միեւնույն է, շատ տոներ են լինում: «Սովորաբար դրանք փորձում եքն հավասար բաշխել ամբողջ տարվա համար», - հայտարարել է վարչապետը: «Մայիսը մեր հաղթանակների ամիսն է, բացառություն կանենք», - պատասխանել է նախարարը:
Հայկական «Տատյանայի օրվա» հարցը հավելյալ կքննարկեն ԿԳՆ-ն եւ երիտասարդության ու սպորտի նախարարությունը:





























