Մեկ տարի առաջ սպանված «օրենքով գող» Դեդ Հասանի սպանությունից հետո հակառակորդ կողմերից, ընդհանուր առմամբ, մոտ 200 մարդ է սպանվել, բայց նրա սպանության վրեժը դեռ լուծված չէ: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քրեական թեմաներով գրող Սերգեյ Գալոյանը:

Նրա խոսքով՝ վրեժխնդրությունից դրդված հակամարտությունը մինչեւ հիմա էլ շարունակվում է:  «Եվ Դեդ Հասանի, եւ նրա հակառակորդ Տարիել Օնիանիի կողմից: Նույնիսկ հանրահայտ ամերիկյան մաֆիաները այսքան սպանություններ չէին ունենում»,- ասաց Գալոյանը:

Նա նշեց, որ մինչեւ օլիմպիական խաղերը չանցնեն, հանդարտություն չի լինի այդ աշխարհում:  «Քանի դեռ Տարիել Օնիանին կա, համարեք, որ վրեժը լուծված չէ»,- ավելացրեց Սերգեյ  Գալոյանը:

Հիշեցնենք, Դեդ Հասանին սպանել են հունվարի 16-ին՝ Պովարսկայա փողոցում ռեստորանից դուրս գալիս: Դիպուկահարը կրակել էր հարեւան շենքի տանիքից, գնդակը դիպել էր քրեական հեղինակության գլխին: Նրան կլինիկական մահվան վիճակում տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել էր: Փորձագետները կարծում են, որ Ուսոյանի սպանությունը կարող է քրեական նոր փոխատեղություններ առաջացնել Ռուսաստանում: