Հայաստանի ոստիկանության պետի եւ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի միջեւ որեւէ տարաձայնություն չկա: Մամուլում տարածված տեղեկությունն այսօր՝ ապրիլի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանը հերքել է Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

«Կառավարությունում եւ ընդհանրապես աշխատանքի բնագավառում իմ եւ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի միջեւ տարաձայնություն կամ վիճաբանություն չի եղել»,- նշել է ոստիկանապետը՝ հավելելով, որ օրերս մի թյուրիմացություն է եղել՝ կաշառակերության հետ կապված մի գործի քննության հետ: «Սա ուղղակի պատահական է ստացվել, երբ ԱԱԾ աշխատակիցը հայտնվել է 6-րդ վարչության աշխատակիցների տեսադաշտում: ԱԱԾ-ի հետ համատեղ միջոցառում ենք կազմակերպել եւ անձին բերման ենթարկել քննչական վարչություն»,- մանրամասնեց ոստիկանապետը՝ կրկին հերքելով ԱԱԾ-ի եւ ոստիկանության ղեկավարների միջեւ տարաձայնությունների փաստը:

Հիշեցնենք, որ ըստ տարածված լուրերի՝ այդ գործով լուրջ վիճաբանություն է եղել Ալիկ Սարգսյանի եւ Գորիկ Հակոբյանի միջեւ: