Լեռնային Ղարաբաղի իշխանությունները մերժել են «Եհովայի վկաներ» աղանդի եւ մեկ այլ ոչ ավանդական կրոնական միավորման գրանցումն ու արգելել հանրապետության տարածքում օրինական գործունեություն ծավալել: Իշխանությունների նման վերաբերմունքի հիմնական պատճառը աղանդավորների կողմից բնակչության նկատմամբ «հոգեբանական ներգործության միջոցների» օգտագործումն է:

Ղարաբաղի խորհրդարանի ընդունած նոր օրենքը պահանջում է բոլոր կրոնական կազմակերպություններին վեց ամսվա ընթացքում վերագրանցվել կառավարության կրոնական եւ ազգային փոքրամասնությունների հարցերով վարչությունում: Բոլոր կոնֆեսիաներին, բացառությամբ երկուսի, իրավունք է տրվել շարունակել իրենց գործունեությունը:

Վարչության պետ Աշոտ Սարգսյանն օրերս հայտարարել է, թե «Եհովայի վկաների» եւ «Կրակի վերածննդի» գործունեությունը կասեցվել է փարձագիտական եզրակացության հիման վրա:

«Հիմնականում դա պայմանավորված է հանգամանքով, որ այդ կրոնական կազմակերպությունները գործում են Արցախի տարածքում՝ խախտելով մեր օրենսդրությունը»,- ասել է Սարգսյանը, որպես այդ կազմակերպությունների կողմից սեփական շարքերը լրացնելու ապօրինի ձեւեր մատնանշելով «պրոզելիթիզմն» ու «հոգեբանական ներգործությունը»:

Հատկանշական է, որ երկու աղանդների ներկայացուցիչներն էլ հերքում են, թե ԼՂՀ իշխանություններն օգտագործել են «պրոզելիթիզմ» տերմինը՝ նկատելով, որ ոչ մի պաշտոնական անձ ներկա չի գտնվել իրենց կրոնական արարողություններին:

«Եհովայի վկաների» փաստաբան Արթուր Իսպիրյանն ու ""Կրակի վերածննդի" հոգեւոր առաջնորդ Լեւոն Սարդարյանը հայտնեցին, թե իշխանությունների կողմից իրենց գրանցումը մերժելու փաստը բողոքարկելու են դատարանում: «Իհարկե մենք շարունակելու ենք մեր գործունեությունը եւ պատրաստ ենք ցանկացած հալածանքի»,- հայտնեց Լեւոն Սարդարյանը:

Աշոտ Սարգսյանը իր հերթին վստահ է, որ «իշխանությունները կձեռնարկեն անհրաժեշտ հակաքայլեր, առավել եւս որ երկրում ռազմական դրություն է գործում»: