2008 թ-ի օգոստոսի 8-ի վրաց-օսական պատերազմի տարելիցի մոտենալու առնչությամբ հակամարտության գոտում իրավիճակը գնալով սրվում է։ Օրերս, Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին հրահանգել էր գալիք սգո միջոցառումների, ինչպես նաեւ Հարավային Օսիայի տարածք «խոզի գրիպի» վիրուսի, որի վարակման դեպքեր են գրանցվել Վրաստանում, հնարավոր մուտքի խափանման նպատակներով փակել Վրաստանի հետ սահմանը։
Սահմանի փակման առնչությամբ ուժեղացվել է Հարավային Օսիայում տեղակայված ռուսական հենակայանների ծառայությունը։ «Վեստի» հեռուստաալիքի տվյալներով, բարձր պատրաստվածության աստիճանի են բերվել ՌՕՈւ-ի եւ Հյուսիսկովկասյան զինվորական օկրուգի ՀՕՊ-ի շտաբերը։ ՌԴ ՊՆ-ում հայտարարել են, որ «ռուսական զինուժը կկանխի Թբիլիսիի կողմից հնարավոր ագրեսիայի ցանկացած դրսեորում»։
Նշենք, որ վերջերս օսական կողմը հայտնել էր վրացական Պլավի գյուղից ականանետից գնդակոծումների մասին։ Վրաստանում գնդակոծման փաստը հերքվել է։ Ընդհակառակը, նրանք հայտարարել են, որ հարավօսական Օտրեւից են գնդակոծել վրացական Պլավի գյուղը։ ՌԴ ՊՆ-ը հայտնում է, որ Վրաստանի կողմից սադրանքների շարունակվելու դեպքում կարվի ամենը՝ Հարավային Օսիայի քաղաքացիների եւ ռուսական զինծառայողների պաշտպանության համար։




























