ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Պրահայում ելույթ է ունեցել Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբակցության բյուրոյի նիստում, որտեղ անդրադարձել է ԵՄ-ի «Արեւելյան գործընկերություն» ծրագրի խնդիրների ու հեռանկարների մասին իր պատկերացումներին:

«Մենք պետք է ուսումնասիրենք Արեւելյան գործընկերությունը ժամանակակից փոփոխվող աշխարհի եւ Եվրոպայի ու Հայաստանի վրա դրա ազդեցության համատեքստում: Մենք մտածում ենք, թե ինչպիսին կլինի աշխարհը 10, 20 կամ 50 տարի հետո: Ի՞նչ տեսք կունենա այն, ի՞նչ տեսակի աշխարհում ենք ապրելու, արդյոք կարող ենք այն դարձնել այնպիսին, որտեղ կցանկանայինք ապրել: Հիմնականում այս հարցերի պատասխաններն են որոշում այն բովանդակությունը, որ մենք ցանկանում ենք ներարկել Արեւելյան գործընկերության ծրագրում: Մի քանի դրույթ որոշակիացնում է Հայաստանի կառավարության ծրագիրը:

1. Ժամանակակից աշխարհում փոփոխությունների արագությունը շարունակ աճում է: Մենք պետք է կառուցենք այդ փոփոխություններին համահունչ հասարակություն:

2. Աշխարհը փոքրանում է, ինչը հանգեցնում է ավելի շատ շփումների ու փոխկապակցվածության: Անհրաժեշտ են երկխոսության ու գոյակցության նոր ձեւեր:

3. Գիտելիքը դառնում է ժամանակակից հասարակությունների շարժիչ ուժը: Կրթական համակարգերը պետք է դյուրացնեն գիտելիքահենք տնտեսության զարգացումը:

4. Ինքնությունը դառնում է առավել կարեւոր, թե’ մեծ, թե’ փոքր ազգերի համար: Ինչպե՞ս են ժողովուրդներն իրենց պատկերացնում քսանմեկերորդ դարում, ո՞ր քաղաքակրթությունների հետ են իրենց կապում, եւ ինչպե՞ս պետք է կազմակերպվի երկխոսությունը հռչակած ու գոյություն ունեցող արժեքների միջեւ:

5. Անհատական ազատությունների նկատմամբ հարգանքի անհրաժեշտությունը 21-րդ դարում դառնում է ակնհայտ: Յուրաքանչյուր կառավարություն, որ կառուցում է արդի հասարակություն, պետք է առաջ քաշի ինքնադրսեւորման պայմաններ, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր անհատ հնարավորություն ունի իրականացնել իր մտավոր կարողություններն ու տաղանդը:

Ես կցանկանայի առավել մանրամասն անդրադառնալ ԵԺԿ ընտանիքի մաս դառնալու մեր ցանկության պատճառներին: Ինչպես արդեն նշել էի, լուրջ եւ ազդեցիկ խնդիրներ կան: Դրանք արեւելյան գործընկերների միջեւ հռչակված արժեքների ու իրական պրակտիկայի տարբերություններն են: Ո՞րն է այդ խզման պատճառը: Նպատակները հայտարարվում են ապագայի տեսլականից, իսկ վարքը պատմական փորձի գործոն է: Այստեղ գտնվող յուրաքանչյուր մարդ գիտի, որ հնարավոր չէ բարեփոխումներ իրականացնել առանց հավատի ու վստահության: Քաղաքական կամքը նույնքան կարևոր է:

Քաղաքական կուսակցությունն անհատների համախումբ է, որ միավորված է ընդհանուր արժեքների շուրջ եւ լավագույն կարող ուժն է քաղաքական կամք ցուցաբերելու ու փոփոխությունների ընթացքն առաջնորդելու համար: Առաջ քաշելով արժեքներ, մրցակցելով ձայների համար եւ ձեռք բերելով հանրային աջակցություն` կուսակցությունն իր ծրագիրն իրականացնելու հնարավորություն է ստանում:

Համընդհանուր արժեքները, ինչպիսիք են ազատությունը, պատասխանատվությունը, հավասարությունը, արդարությունն ու համերաշխությունը ՀՀԿ գաղափարախոսության հիմքերն են կազմում:

Անդամակցությունը ԵԺԿ համայնքին, դա կօժանդակի համեմատաբար երիտասարդ ՀՀԿ-ին. փոխանակել քաղաքական փորձառություն, կդյուրացնի եվրոպական արժեքների տարածումը, կխթանի ինտեգրման ծրագրերն ու նախաձեռնությունները:

Ժամանակն է հին մտածելակերպից անցնել նոր մտածողության»,- ասել է վարչապետը: