ՀՀ պաշտոնական պատվիրակությունը՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, մայիսի 8-ին կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` մասնակցելու Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակին եւ Շուշիի ազատագրման օրվան նվիրված հանդիսություններին։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրել են ՀՀ ԱԺ տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի բաժնից։ Պատվիրակության կազմում են փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը, ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Արտակ Զաքարյանը, Ռուստամ Գասպարյանը, Աշոտ Տոնոյանը, Ռուբեն Գեւորգյանը, Արտյուշ Շահբազյանը, Բագրատ Սարգսյանը, Լարիսա Ալավերդյանը, Արմեն Մարտիրոսյանը, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք։
Մայիսի 8-ի երեկոյան պատվիրակությունը կմասնակցի Հաղթանակի եւ խաղաղության տոնին նվիրված հանդիսավոր երեկոյին։
Մայիսի 9-ին պատվիրակության անդամները ծաղկեպսակ եւ ծաղիկներ կդնեն Ստեփանակերտում եւ Շուշիում, Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ Մայր տաճարում կմասնակցեն սուրբ պատարագի արարողությանը։
Նույն օրը երեկոյան ՀՀ պաշտոնական պատվիրակությունը կվերադառնա Երեւան։




























