Հայաստանի երիտասարդական կուսակցությունը որոշել է դուրս գալ Սերժ Սարգսյանին սատարող Միացյալ ազգային ազատական կուսակցություն (ՄԻԱԿ) կազմից: Սակայն շարունակելու է պաշտպանել նախագահին առանձին ճակատով: Չնայած երկու կուակցությունների միջեւ առկա են տարաձայնություններ, սակայն ՀԵԿ նախագահ Վահան Բաբայանի մեկնաբանմամբ դրանք սկզբունքային հարցերում չեն: Ընդամենը ՄԻԱԿ-ը ծայրահեղ լիբերալ է, իսկ Բաբայանի գլխավորած ՀԵԿ-ը՝ պահպանողական:

«Մենք շատ լիբերալ լինելով կարող ենք կորցնել մեր ունեցածը, ավելի շատ լինելով ազգային պետք է պահպանենք մեր արժեքներն ու ավանդույթները»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանել է Վահան Բաբայանը՝ վստահեցնելով, որ այսուհետ ՀԵԿ-ը որպես առանձին միավոր կրկին համագործակցելու է բոլոր առողջ ուժերի հետ, առաջին հերթին այն ուժերի հետ, որոնք սատարում են երկրի նախագահին:

Ի դեպ Բաբայանը լրագրողների հետ հանդիպման էր եկել կուբացի հեղափոխական Չե Գեվարայի նկարով վերնաշապիկով: Երբ լրագրողները հետաքրքրվել են հագուստի խորհրդով, մեկնաբանել է. «Հագուստի խնդիր չկա. ուղղակի այն մարդը, ով պատկերված է այս հագուստի վրա, ամբողջ աշխարհում երիտասարդության, պայքարի, ազատության խորհրդանիշն է»:

Հիշեցնենք, որ կուսակցությունը ՄԻԱԿ-ի կազմում էր ընդգրկվել 2009 թվականի փետրվարից: Այդ ժամանակից սկսվել է ՀԵԿ-ի լուծարային գործընթացը, որը սակայն ներկայումս դադարեցվել է: