«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը արձագանքել է ԿԳՆ հայտարարությանը, որտեղ նշվում է, թե ասպիրանտուրայում եւ մագիստրատուրայում տարկետման իրավունքով տեղերը կիսով չափ կրճատելու մասին որոշման դեմ բողոքի ցույց անողները ոչ թե ուսանողներն են, այլ «Ժառանգության» անդամները:

«Ժառանգության» արձագանքի մեջ ասվում է.

«Այսօրվա մամուլից ծանոթացանք ուսանողական հանրահավաքի եւ բողոքի երթի կապակցությամբ ԿԳՆ տարածած եւ երկիմաստ տեղեկություններ պարունակող հաղորդագրությանը, որից ընթերցողների մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ այդ միջոցառումների կազմակերպիչը „Ժառանգություն“ կուսակցությունն էր:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ „Ժառանգություն“ կուսակցությունը, հարգելով ուսանողների ցանկությունը` չկուսակցականացնել իրենց խնդիրները, մշտապես զերծ է մնացել նշված միջոցառումներին միջամտելուց: Ինչ վերաբերում է „Ժառանգության“ անդամ ուսանողներին, ապա կուսակցությանն անդամակցությունը չի սահմանափակում նրանց քաղաքացիական իրավունքները, այդ թվում` ազատորեն արտահայտելու իրենց տեսակետները:

Զավեշտալի ենք համարում այն, որ „ժառանգությանը“ ուսանողության հիմնախնդիրները շահարկելու մեջ անուղղակիորեն մեղադրում է ԿԳ նախարարությունը, որի աչալուրջ հսկողության ներքո տարիներ շարունակ տեղի է ունենում միջնակարգ եւ բարձրագույն կրթական հաստատությունների անսքող կուսակցականացում` տխուր հիշողություններ արթնացնող „կոմսոմոլացման“ օրինակով»: