ԲՀԿ լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ անդրադարձել է «Ֆլեշ» ընկերության ղեկավար Բարսեղ Բեգլարյանին: Հաղորդագրության մեջ նշվում է.
«Ինչ-որ մեկի պրոյեկտը լինելը, երեւի թե, Բարսեղ Բեգլարյանի մանկության երազանքն է եղել: Թերեւս, սեփական կուսակցություն հիմնելու եւ գոնե այդ կերպ ինքնահաստատվելու չստացված պրոյեկտների շրջանակում էր Բարսեղ Բեգլարյանը մեկ տարի շարունակ հանրապետության բոլոր մեծ ու փոքր բնակավայրերում կուսակցական զորահավաքներ փորձում անցկացնել: Մենք հասկանում ենք, որ „Բարգավաճ Հայաստանի“ կշիռն ու հեղինակությունը, որ իր համբավը վաստակել է բացառապես ժողովրդի վստահությամբ, հանգիստ չեն տալիս ոչ միայն Բարսեղ Բեգլարյանին: Սակայն, ոչ կոռեկտ գնահատականներ տալուց առաջ խորհուրդ կտայինք զբաղվել սեփական գործերով: Դատելով Բեգլարյանի չստացված պրոյեկտներից` դրանք պետք է որ քիչ չլինեն:
Իսկ ընդհանրապես, պրոյեկտների մասով մենք մեր սեփական դիտարկումը ունենք: Մեկ տուփ ձվի դիմաց քննություն նշանակելուց մինչ այժմյան կարգավիճակին հասնելը ոչինչ չի փոխել Բարսեղ Բեգլարյան պրոյեկտի արժեքային համակարգում»:
Հիշեցնենք, որ ԲՀԿ լրատվական ծառայության այս հաղորդագրությունն արձագանք է գործարար Բարսեղ Բեգլարյանի`"Առավոտ" թերթին տված հարցազրույցի:



























