Մայիսի 7-ին դեսպան Գագիկ Ղալաչյանը շարունակել է հանդիպումները Կիպրոսի Հանրապետությունում: Նա հանդիպել ու զրույցներ է ունեցել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի, ԱԳ նախարար Մարկոս Կիպրիանուի, պաշտպանության նախարար Կոստաս Պապակոստասի, պաշտոնատար այլ անձանց հետ: Բոլոր հանդիպումներն անցել են ջերմ և գործնական մթնոլորտում:

Զրույցների ընթացքում կողմերն ընդգծել են երկկողմ հարաբերությունների, քաղաքական երկխոսության ներկայիս բարձր մակարդակը, նշելով նաև միջխորհրդարանական համագործակցության արդյունավետությունը թե՛ երկկողմ, և թե՛ բազմակողմ մակարդակներում: Զրուցակիցները կարևորել են երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու, տնտեսության, մշակույթի, կրթության, գիտության, ռազմական և այլ բնագավառներում համագործակցության աշխուժացման անհրաժեշտությունը` արձանագրելով, որ դրա համար առկա են բոլոր հնարավորությունները, ինչպես նաև արդեն իսկ ձևավորված և շարունակ ընդլայնվող երկկողմ իրավապայմանագրային դաշտը: