Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) կենտրոնական վարչությունը շնորհավորում է Արցախյան ազատամարտի և հատկապես Շուշիի ազատագրման համար մարտնչած հերոսներին` հիշարժան օրվա առթիվ:
Շնորհավորական ուղերձում ասվում է.
«Ձեր սխրանքը անգնահատելի է և անուրանալի:
Արցախը վտանգված էր. Դուք` անտեսելով բոլոր արհավիրքներն ու արհամարելով մահը, դյուցազնական ոգու կանչով պաշտպան կանգնեցիք մեր հայրենիքին և փառքով պսակեցիք Ձեր կյանքը:
Դժբախտաբար բարոյազուրկ, կրիմինալ վարչախմբի համար հերոսությունն ու հայրենասիրությունը վաղուց արժեզրկված գաղափարներ են: Նրանց արժեհամակարգի սրբության սրբոցը ` իշխանական աթոռն ու փողն է և հանուն այդ „մեծագույն արժեքների“ պատրաստ են վաճառքի հանել ամեն ինչ ` այդ թվում նաև Ձեր արյան գնով ազատագրված Արցախը:
Մայր Հայրենիքը կրկին վտանգված է, և այն իր հերոս զավակների պաշտպանության կարիքն է զգում:
Ձեր սխրանքի ու անձանազոհության, Ձեր կյանքի և արյան գնով ազատագրված Արցախը մեզ միավորման կոչ է անում: Չենք ընկրկելու ոչ մի բիրտ ուժի առջև և միասնաբար ու միակամ կասեցնելու ենք ամեն մի դավաճանություն:
Փառք ու պատիվ Շուշիի ազատագրման հերոսներ Սասուն Միքայելյանին, Ժիրայր Սեֆիլյանին և բոլոր ազատամարտիկներին»: Ուղերձը ստորագրել է ՍԴՀԿ կնտրոնական վարչության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:



























