Երեւանի ավագանու՝ մայիսի 7-ին տեղի ունեցած հերթական նիստի ընթացքում քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն անդրադարձել է Հյուսիսային պողոտայի շինարարության արդյունքում իրենց բնակարանները կորցրած եւ դրա դիմաց աննշան փոխհատուցում ստացած մարդկանց խնդիրներին։ Ավագանու նիստն ուղեկցվել է նախկինում քաղաքի այդ հատվածում բնակվող մարդկանց բողոքի ակցիայով։ Երեւանի քաղաքապետարանի շենքի դիմաց կազմակերպված ակցիային, որ ուղեկցվել է «Հե՛տ տվեք մեր տները», «Բեգլարյա՛ն, կատարեք Ձեր խոստումը» կոչերով, մասնակցել է շուրջ երկու տասնյակ մարդ:

Գագիկ Բեգլարյանն իր դժգոհությունն է արտահայտել ակցիայի նկատմամբ: , «Նրանք Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներ են, որոնց հետ քաղաքապետարանը ոչ մի ընդհանուր կապ չունի, բացի այն, որ նրանք երեւանցիներ են»,- ասել է Երեւանի քաղաքապետը՝ ավելացնելով, որ նրանք բոլորն էլ նախկինում ունեցել են քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրեր, բոլորն էլ արդեն իսկ ստացել են գումարներ։ «Բայց արդյունքում այնպես է ստացվել, որ գումարները եւ բնակարանները ստանալուց հետո նրանք որոշել են, որ իրենց տրված գումարները քիչ են, կամ իրենց պետք է բնակարան հատկացնեինք կենտրոնում, տվել ենք ծայրամասում եւ այլն։ Սակայն համայնքի բյուջեի հաշվին մենք գումարներ ավելացնելու իրավունք չունենք»,- նկատել է Բեգլարյանը։

Ակցիայի մասնակիցներն իրենց հերթին ընդգծել են, որ հակառակ քաղաքապետի պնդումների՝ խնդիրն առնչվում է ոչ թե 2-3, այլ ավելի քան երեք տասնյակ մարդկանց, իսկ 1ք/մ համար ժամանակին իրենց փոխհատուցվել է 200 դոլարից մի փոքր ավել գումար։

Հիշեցնենք,որ Հյուսիսային պողոտայի շինարարության արդյունքում քաղաքի այդ հատվածի մի շարք բնակիչներ չնչին փոխատուցում ստանալով պետությունից՝ գրեթե անօթեւան մնացին։ Իրենց արժանի փոխհատուցում տրամադրելու խնդիրը նրանք բարձրաձայնում են ավելի քան յոթ տարի։