Այսօր` Շուշիի ազատագրման 18-րդ տարեդարձի օրը, Լեռնային Ղարաբաղը տոնական տրամադրության մեջ է, որտեղ դեռ երեկվանից մեկնարկել են Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակի ու Շուշիի հաղթանակին նվիրված միջոցառումները:
Այսօր առավոտյան Արցախի բոլոր դպրոցներում արիության դասեր են անցկացվել, ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանն այցելել է Արցախի պետական համալսարան, իսկ զինվորական մյուս բարձրաստիճան պաշտոնյաները` հանդիպումներ են ունենում տարբեր դպրոցներում: Ժամը 12-ին պաշտպանության նախարարը այցելելու է զոհված ազատամարտիկների միություն, իսկ 17-ին` Սպայի տանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ հանդիսավոր նիստ կգումարվի, որին կմասնակցեն նաեւ հյուրեր արտերկրից:
Վաղը` մայիսի 9-ին նախատեսված է այցելություն Շուշի, որտեղ ծաղիկներ կդրվեն ԽՍՀՄ հերոս Նելսոն Ստեփանյանի, սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանների մոտ: Մայիսի 9-ին Շուշիում նախատեսված է նաև 14 զինվորական ընտանիքների համար նախատեսված նորակառույց բնակարանների նորամուտ: Նշենք, որ նախորդ տարվա ընթացքում զինվարականների ընտանիքներին է տրամադրվել ավելի քան 150 բնակարան:
Հիշեցնենք, որ այս օրերին ԼՂՀ-ում է գտնվում Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են բազմաթիվ պատգամավորներ ու նախարարներ:




























