«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության ստորագրահավաքն ի պաշտպանություն Ագրարային համալսարանի եւ Ազգային գրադարանի միջեւ տեղակայված «Ուսանողական այգու» կշարունակվի մինչեւ մայիսի 14-ը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց նախաձեռնող խմբի անդամ Մարիամ Սուխուդյանը՝ հավելելով, որ արդեն հավաքվել է 10 հազարից ավելի ստորագրություններ։
«Մարդիկ մեծ ցանկություն ունեն միանալու ստորագրահավաքին, բայց այս մի քանի օրվա ընթացքում չեն հասցրել։ Ստորագրահավաքը մեծ թափ է առնում ու իր ակտիվ փուլը մտնում, եւ դրա համար որոշեցինք եւս մեկ շաբաթով երկարաձգել այն»,- ասաց նախաձեռնող խմբի անդամը։ Սուխուդյանը նաեւ նշեց, որ այժմ բացի Թամանյանի արձանի մոտ ստորագրություններ հավաքելուց, նախաձեռնող խմբի կամավորները կշրջեն քաղաքի մարդաշատ այլ վայրերում՝ շենքերում, ակումբներում եւ այլն։
Նշենք, որ ստորագրահավաքն ի սկզբանե նախատեսված էր անցկացնել մինչեւ մայիսի 7-ը։ Այն ուղղված է «Ուսանողական զբոսայգում» ծավալված շինարարական աշխատանքների դեմ։ Ստորագրությունները փոխանցվելու է նախագահ Սերժ Սարգսյանին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին։




























