Իլհամ Ալիեւի կողմից ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելը, ինչպես նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի կողմից Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպելուց հրաժարվելը Բաքվի կողմից շանտաժի հերթական փորձն է: NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

Նա ընդգծեց, որ Բաքուն նախկինում էլ է շանտաժի նման փորձեր արել՝ օգտագործելով հայ-թուրքական հարաբերությունները, սակայն չհասնելով շոշափելի արդյունքների, որոշել է փոխել ուղղությունը: «Ալիեւի նման քայլը բաց դեմարշ է Ռուսաստանի դեմ, եւ Մոսկվան պարտավոր է համապատասխան հետեւություններ անել, գիտակցել, թե որ երկիրն է գլուխ բարձրացմում իր թիկունքում եւ թույլ չտա դա»,- ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի նման վարքը` շանտաժի, դեմարշի ու սպառնալիքների լեզվով խոսելու մոտեցումը, իր դեմ է դուրս գալու, քանի որ միջազգային հանրության վերաբերմունքը Բաքվի նկատմամբ բացասական առումով կփոխվի:

Նշենք, որ Ադրբեջանի նախագահը հրաժարվել է մասնակցել այսօր Մոսկվայում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ դա պատճառաբանելով նրանով, որ այդ գագաթնաժողովին մասնակցում են մարդիկ, որոնք մասնակցել են Շուշիի «օկուպացիային»: Նման պատճառաբանություն է ներկայացրել իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովը:

Իր հերթին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հրաժարվել է մայիսի 11-12-ը Բրյուսելում հանդիպել Մինսկի խմբի համանախագահներին: