«Եթե Հայրենական պատերազմում չլիներ հաղթանակ, հայ ազգն այսօր գոյություն չէր ունենա։ Այս հաղթանակը հայերիս համար վճռական նշանակություն ուներ»,-այսօր` մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի վետերանների միության խորհրդի նախագահի պաշտոնակատար Սիմոն Եսայանը՝ հավելելով, որ մայիսը հայերիս համար նվիրական ամիս է, հաղթանակների ամիս է: Նրա խոսքով, եթե չլիներ Երկրորդ աշխարհամարտի հաղթանակը, չէր լինի նաև Շուշիի ազատագրումը։ Ս. Եսայանը նշեց, որ այսօրվա դրությամբ, Հայաստանում կան մոտ 3600 վետերաններ, որոնք սոցիալական ու առողջապահական խնդիրներ ունեն: Այդ համատեքստում նա հիշեցրեց, որ կառավարության որոշմամբ, հունիսից սկսվելու է նրանց խնայբանկի ավանդների վերադարձման գործընթացը, նաեւ հասարակական տրանսպորտից անվճար օգտվելու արտոնություններ են սահմանված:
Այնուհետեւ անդրադառնալով Ադրբեջանի կողմից հաճախակի դարձած ռազմաշունչ հայտարարություններին՝ Սիմոն Եսայանը հայտարարել է. "Ադրբեջանը վերջերս արդեն շատ-շատ է խոսում պատերազմի մասին, բայց ես ձեզ ասեմ՝ այսօր մեր հայկական բանակն ավելի հզոր է, քան հաղթանակած ժամանակ, մի քանի անգամ հզոր է։ Այն նաեւ գերակշիռ տեղ ունի նախկին ԱՊՀ երկրների շարքում եւ, ինչպես նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ցանկացած ոտնձգություն շատ կարճ ժամանակամիջոցում կարող է նշանակալից հակահարված ունենալ: Ճիշտ է, մենք՝ հայերս, պատերազմի կողմնակից չենք, որովհետեւ ցանկացած պատերազմ ավեր է, բայց եթե Ադրբեջանը որեւէ փորձ կատարի, հաստատ համոզված եղեք, Հայաստանի հաջորդ սահմանը երեւի լինի Քուռը:




























