Այն, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրաժարվել է մասնակցել ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, իսկ այդ երկրի ԱԳ նախարարն էլ չի ցանկացել Բրյուսելում հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, անցանկալի հետեւանքներ կունենա Բաքվի համար եւ կբերի Ադրբեջանի էլ ավելի մեկուսացման, որն սկսվել է այդ երկրի կողմից Վաշինգթոնի ու Մոսկվայի հասցեին հնչող քննադատությամբ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդվարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, Ադրբեջանի ղեկավարության նման հիստերիկ վարքը վկայում է այն մասին, որ Բաքվի նյարդերը աստիճանաբար տեղի են տալիս: "Ամեն տարի մայիսի 8-ին Շուշիի ազատագրման օրը ադրբեջանական իշխանությունները նախաձեռնում են տարբեր ոչ համարժեք, նյարդային քայլեր: Սակայն, Ալիեւը եւ ամբողջ ադրբեջանական ղեկավարությունը պետք է գիտակցի, որ տարբեր դեմարշեր կազմակերպելով, չի կարելի փոխել պատերազմի արդյունքները: Ալիեւը պետք է ձերբազատվի պարտվածի բարդույթից եւ իր ժողովրդին ասի. «Եղել է պատերազմ, եւ մենք այնտեղ պարտվել ենք ու պետք է համակերպվենք նրա արդյունքների հետ»,- հայտարարել է Շարմազանովը:
Նշենք, որ Ադրբեջանի նախագահը հրաժարվել է մասնակցել այսօր Մոսկվայում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ դա պատճառաբանելով նրանով, որ այդ գագաթնաժողովին մասնակցում են մարդիկ, որոնք մասնակցել են Շուշիի «օկուպացիային»: Նման պատճառաբանություն է ներկայացրել իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովը:
Իր հերթին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հրաժարվել է մայիսի 11-12-ին Բրյուսելում հանդիպել Մինսկի խմբի համանախագահներին:




























