Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության պերկուպերկյանական թեւն այսօր՝ մայիսի 8-ին, Երեւանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչության առջեւ աջակցության ակցիա էր կազմակերպել։

Հնչակները եկել էին շնորհավորելու Շուշիի ազատագրման օրը եւ իրենց շնորհավորական ուղերձը փոխանցեցին Ղարաբաղի ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանին։

Ներկայացուցչության առջեւ հայրենասիրական ելույթներով հանդես եկան ՍԴՀԿ մամուլի խոսնակ Նարեկ Գալստյանը, կուսակցության անդամ, Վարդան Խաչատրյանը եւ կուսակցության ատենապետ Գեւորգ Պերկուպերկյանը։ Վերջինս իր ելույթում նշեց, որ.

«21-րդ դարում մեր առաջին խնդիրը պետք է լինի միավորվելը եւ ամբողջ ուժով Արցախը պաշտոնապես բոլոր պետությունների կողմից իրավականորեն ճանաչել տալը»։

ԼՂՀ ներկայացուցիչն էլ ակցիայի մասնակիցների հետ զրույցում, նշեց, որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում»։

«Ադրբեջանը չի կարող տիրանալ Ղարաբաղին նաեւ բռնի ուժով, որքան էլ նրանք հայտարարություններ անեն»,-ասաց, Կառլեն Ավետիսյանը՝ հավելելով, որ եթե Ադրբեջանը պատրաստ լիներ պատերազմի, մի րոպե իսկ չէր հապաղի։

Նրա համոզմամբ, Ղարաբաղի հակամարտությունը հեռու է հանգուցալուծումից, քանի դեռ Ադրբեջանը չի հրաժարվել իր ագրեսիվ դիրքորոշումից։

«Երկարատեւ խաղաղության պահպանման համար մենք կարող ենք գնալ փոխզիջումների եւ պետք է գնանք, սակայն արժանապատիվ փոխզիջումների եւ ոչ թե ամեն ինչ եւ բոլորը ադրբեջանցիներին, որովհետեւ մենք էլ խնդիրներ, փախստականներ եւ գրավված տարածքներ ունենք։ Սրանք հարցեր են, որոնք փոխզիջումներով կարող են լուծվել»,-ամփոփելով իր խոսքը նշեց Ղարաբաղի ներկայացուցիչը։