Այսօր` մայիսի 8-ին Շուշիի ազատագրման 18-րդ տարեդարձի օրը Եռաբլուր են այցելել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները: Մասնավորապես՝ ներկա են եղել Ստեփան Դեմիրճյանը, Արարատ Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Դավիթ Շահնազարյանը, Մյասնիկ Մալխասյանն ու այլք: Լևոն Տեր-Պետրոսյանը նրանց հետ չի եղել:
«Շուշին չափազանց մեծ վտանգ ներկայացնող ադրբեջանական ռազմական հենակետ էր, որտեղից երկար ժամանակ ուղղակիորեն գնդակոծվում էր Ստեփանակերտի խաղաղ բնակչութունը: Շուշիի ազատագրումը և՛ ռազմական, և՛ հոգեբանական առումով արցախյան պատերազմում բեկումնային պահ էր»,- ասել է ՀԱԿ-ի անդամ Դավիթ Շահնազարյանը՝ հավելելով, որ մյուս կողմից էլ ցավում են այն մարդկային կորուստների համար, որ ունեցավ արցախյան պատերազմում հայ ժողովուրդը: Նրա խոսքով, 21-րդ դարում պատերազմ ասվածը միայն ռազմական գործողությունները չեն, կան նաեւ քաղաքական ու դիվանագիտական, ներքին հարցերի հետ կապված պատերազմներ, եւ վերջին հաշվով, հակամարտությունում շահող է դուրս գալիս այն կողմը, որն ավելի արագ է զարգանում` ժողովրդավարական, մարդու իրավունքների, սոցիալական ու տնտեսական առումներով: Այսինքն պատմության արդյունքը, ըստ Շահնազարյանի, չափվում է ոչ միայն աշխարհագրությամբ, այլ առաջին հերթին պետության զարգացումով:
Նշենք, որ այսօր Եռաբլուր են այցելել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, «Ժառանգության» անդամները, ԵԿՄ-ն՝ գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, զոհված ազատամարտիկների հարազատներ, ընկերներ և բազմաթիվ հայրենակիցներ՝ հարգելու արցախյան պատերազմում զոհվածների հիշատակը:



























