Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարմիր հրապարակում ծաղկեպսակ է դրել մարշալ Հովհաննես Բաղրամյանի գերեզմանին: ՀՀ նախագահի անունից ծաղկեպսակներ են դրվել նաեւ զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյանի, ավիացիայի մարշալ Խուդյակով-Խամփերյանցի եւ ծովակալ Իսակովի հուշարձաններին:
Այնուհետեւ ՌԴ նախագահի մերձմոսկովյան Գորկի նստավայրի ընդունելությունների տանը տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի նախագահները, Ուզբեկստանի վարչապետը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի առաջարկությամբ քննարկվել են միջազգային օրակարգի հրատապ հարցերը: Մասնավորապես` անդրադարձ է եղել ՀԱՊԿ գործողության տարածքում առկա խնդիրներին` կանգ առնելով Ղրղզստանում իշխանափոխությունից հետո ստեղծված իրավիճակի վրա:
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ՀԱՊԿ անդամ երկրների իր գործընկերներին որոշակի մանրամասներ է ներկայացրել ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ կնքած` Ռազմավարական սպառազինությունների մասին նոր պայմանագրի վերաբերյալ:



























