«Լքյալ հայրենիք» շարքը շարունակում է հանրության ուշադրությունը հրավիրել հայկական հնավայրերի վիճակին: Ներկայացնում ենք հերթական ռեպորտաժը, որը պատմում է Վայոց ձորի մարզի Եղեգիս բնակավայրի հոգեւոր կենտրոնների մասին:
Սբ. Ստեփանոսի եկեղեցին (կամ ինչպես ընդունված է ասել ժողովրդի մեջ` «Զորաց տաճարը») գտնվում է Եղեգիսի արեւելյան հատվածի բարձունքի վրա: «Զորաց տաճարը» կառուցվել է 8-րդ դարում՝ Ստեփանոս Օրբելյանի կողմից: Իր ճարտարապետական կերպով այն հայ ճարտարապետության պատմության յուրօրինակ հուշարձան է:
Չնայած, որ ի տարբերություն Եղեգիսի սրբավայրերի, որ ներկայացրել են «Լքյալ հայրենիք» շարքի նախորդ ռեպորտաժները, «Զորաց տաճարը» դեռ արժանապատվությամբ դիմանում է, թեեւ անզեն աչքով նկատելի է, որ այն վաղուց ուշադրության կարիք ունի (ֆոտոռեպորտաժ):
Բազմաթիվ կոտրված խաչքարեր՝ եկեղեցու շրջակայքում, զարմացնում են ինչպես աշխատանքի նրբությամբ, այնպես էլ այն փաստով, որ բաժանված են մի քանի մասերի: Դեպի «Զորաց տաճար» բացակայում է ոչ միայն մեքենայի, այլեւ հետիոտն նորմալ ճանապարհը: Հնարավոր է, պատճառն այն է, որ «Զորաց տաճարում», ինչպես երկրի բազմաթիվ այլ հուշարձաններում դեռ փակցված է հին խորհրդային ցուցանակը՝ «Պահպանվում է պետության կողմից»: Պետություն, որն արդեն 20 տարի է՝ չկա:
Ինչպես արդեն հաղորդել է NEWS.am-ը «Լքյալ հայրենիք» շարքում, միջին դարերում Եղեգիսը Մեծ Հայքի Սյունիքի նահանգի հին եւ նշանակալի բնակավայրերից է: Ինչպես Սյունիքի իշխանությունների, այնպես էլ Օրբելյանների դարաշրջանում, Եղեգիսում լուրջ շինություններ են կառուցվել, եւ դրանց ավերակները պահպանվել են առ այսօր:
Բայց դրանց պահպանման եւ մեր գալիք սերունդներին փոխանցելու հարցը խիստ հարցականի տակ է:




























