Ռուս-թուրքական ցանկացած մերձեցում պետք է մտահոգի Հայաստանին եւ հայկական դիվանագիտությանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ մայիսի 11-ին կայանալիք այցն Անկարա եւ Բարձր մակարդակով համագործակցության խորհրդի ստեղծման հեռանկարը:
Ըստ Մեհրաբյանի՝ չկարգավորված ղարաբաղյան հակամարտությունը Ռուսաստանի համար հզոր եւ առայժմ անփոխարինելի լծակ է տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելու համար: «Եւ չստանալով դրա դիմաց համարժեքը՝ նա այդ լծակն իր ձեռքից չի թողնելու: Չեմ բացառում, որ կգա մի օր, երբ Ռուսաստանն ու Թուրքիան կարող են հանգել ինչ-ինչ պայմանավորվածությունների՝ խաղից դուրս թողնելով այլ կարեւոր խաղացողների, մասնավորապես Եվրամիությանն ու Միացյալ Նահանգներին»,- ասել է Մեհրաբյանը՝ միաժամանակ նկատելով, որ առաջիկայում շատ կտրուկ փոփոխություններ չեն լինի, թեեւ Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առջեւ:
«Ուստի այս բոլոր հնարավոր վտանգներին դիմագրավելու համար Հայաստանը պետք է իրենից ինչ-որ բան ներկայացնի, իսկ 21-րդ դարում բան ներկայացնել, նշանակում է ունենալ ժողովրդավարական պետական համակարգ, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, որտեղ չկան քաղբանտարկյալներ, որտեղ չկան պարզունակ եւ աղաղակող խնդիրներ: Սա է Հայաստանի անելիքը: Ես չեմ կարծում, թե մենք պետք է առաջիկայում կտրուկ տեղաշարժերի սպասենք, բայց պետք է կարողանանք քայլեր կատարել առաջիկայում մարտահրավերներին դիմագրավելու համար»,- նշել է փորձագետը:




























