Լեհաստանի տարածքում ամերիկյան հակահրթիռային Patriot համակարգի տեղադրումը որեւէ կերպ չի վտանգում Ռուսաստանի շահերը: Այդ մասին մայիսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:

Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչպես կազդի համալիրի տեղադրումը ռուս-լեհական հարաբերությունների վրա, դեսպանը նկատել է, թե ռուս-լեհական հարաբերություններն ինքնին շատ բարդ են: «Վերջին շրջանում իմ պետության քաղաքականությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, տալիս  են իրենց դրական արդյունքը: Միգուցե դրան, որքան էլ պարադոքսալ հնչի, նպաստել են ողբերգական իրադարձությունները (Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու եւ լեհական վերնախավի մահը ավիավթարում- NEWS.am): Ռուսաստանի ղեկավարությունը սպասվածից ավելի լավ վերաբերմունք դրսեւորեց, որը մեր հասարակությունը չէր սպասում»,- նշեց դեսպանը:

Ըստ Ռաչինսկու՝ Լեհաստանը կարծում է, որ «մեր անվտանգությանը կնպաստեր արդյունավետ հակահրթիռային պաշտպանության տարրերը: Քանի որ մենք չունենք S-300-ներ, մենք ուզում ենք Patriot համակարգեր տեղադրել»: Դեսպանը հայտնեց, որ Ptariot համակարգերը որեւէ կերպ չի կարելի հարձակողական համարել, մինչդեռ ռուսական կողմը սպառնում էր Կալինինգրադում՝ Լեհաստանի հետ անմիջական սահմանի վրա տեղադրել «Իսկանդեր» հթիռները, որոնք հարձակողական բնույթի հրթիռներ են:

Խոսելով Ռուսաստանի նյարդային վերաբերմունքի մասին՝ Զդիսլավ Ռաչինսկին նշեց, որ հհարկե, Ռուսաստանն իրեն հաշիվ է տալիս, որ Patriot-ները որեւէ վտանգ չեն ներկայացնում, բայց «այս հարցում հոգեբանական բնույթի տարրեր կան»: «Համալիրների ներկայությունը հաստատում է ՆԱՏՕ-ի հին եւ նոր անդամների միջեւ բաժանումը:

Ռուսաստանցիները հայտարարում են, թե ինչ-որ պայմանավորվածություն կա, թե նոր անդամների տարածքում հրթիռներ չեն տեղադրվելու: Եթե նման բան էլ կա, դա մեր մասնակցությամբ չի եղել, եւ որեւ մեկը չի կարող որոշել մեր փոխարեն»,- ամփոփել է դեսպանը: